ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ընտրությունը գորիսեցիներինն է. գնացե՛ք և քվեարկե՛ք

Ընտրությունը գորիսեցիներինն է. գնացե՛ք և քվեարկե՛ք
07.06.2014 | 22:35

Վաղը Գորիսում քաղաքապետ են ընտրելու: Այդ ընտրությունը կարող էր ոչ մի բանով էլ չառանձնանալ, եթե նրա հետ կապված չլիներ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի անունը: Բանն այն է, որ մարզպետի պաշտոնից ազատվելուց, իսկ այնուհետև՝ իր ազդեցության միջոցով սպանության մեղադրանքով կալանավորված իր որդուն ու թիկնապահին ազատ արձակելուց հետո Լիսկան հիմա էլ ձեռնամուխ է եղել իր հովանավորյալին Գորիսի քաղաքապետ կարգելու գործին: Անցած մեկ ամսում նա շոշափելի հաջողություններ է արձանագրել. մեկ տարի առաջ իր առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, և նրա ընկեր Տիգրան Կարապետյանը դուրս եկան ընտրապայքարից: Հիմա «մրցակցում» են ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը և անկուսակցական Հրայր Յոլյանը:

Կայքերում արդեն հրապարակվել են լուրեր, որ Գորիսում վախի մթնոլորտ է տիրում, նախկին մարզպետի որդիներն ու ազգականները նույնիսկ սոցցանցերի միջոցով են մարդկանց փորձում ահաբեկել, որպեսզի ընտրեն Սուրեն Խաչատրյանի հովանավորյալին:
Վա՞խը կհաղթի գորիսեցիներին, թե՞ գորիսեցիները կկարողանան հաղթահարել վախը՝ ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Գորիսի քաղաքապետի ընտրության հետ կապված ուզում եմ հիշեցնել միայն մի պատմություն: 2003 թ. ՀՀ նախագահի ընտրություններն էին: Այն ժամանակ Շիրակի մարզի Ձորակապ գյուղի բնակիչները, խոսքները մեկ արած, միահամուռ իրենց քվեն տվել էին ընդդիմության թեկնածու Ստեփան Դեմիրճյանին: Գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի քվե չէր ստացել այդ գյուղում՝ չնայած իր գործադրած ջանքերին: Ձորակապ գյուղից էր ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը, որն ընդդիմության ակտիվիստներից էր, և, ինչպես 2003 թվականին, այնպես էլ 2008-ին, պայքարում էր իշխանությունների դեմ, ինչի հետևանքով էլ ազատազրկվեց:
Ձորակապի օրինակը ցույց տվեց, որ խաղաղ քվեարկության միջոցով կարելի է մերժել և պատմության գիրկն ուղարկել անցանկալի թեկնածուին (եթե բոլոր ընտրություններում մեր քաղաքացիները նման համերաշխություն ցուցաբերեին, ապա այսօր մենք բոլորովին այլ երկրում կապրեինք):
Հիմա հերթը գորիսեցիներինն է: Չկաշառվելու, չվախենալու, չընկրկելու հերթը: Կկրկնի՞ Գորիսը Ձորակապի օրինակը և կկարողանա՞ գոնե տեղական մակարդակով հաստատել ժողովրդավարություն՝ մերժելով տասնամյակներ շարունակ իրեն ահաբեկումների ու վախի մթնոլորտում պահած, իր զավակների կյանքը խլած և առայսօր անպատիժ մնացած նախկին մարզպետի կամայականությունները՝ կախված է հենց իր ընտրությունից:
Մի՛ վախեցեք, գորիսեցիներ, գնացե՛ք և քվեարկե՛ք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 742

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ